Հայաստանում մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը։ Այն կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Orange Արմենիա ընկերությունը: Այս առնչությամբ մայիսի 4-ին հրավիրված ասուլիսում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, բացահայտել նոր տաղանդների ու այդպիսով ստեղծել նոր բիզնես միջավայր։
«Համակարգչային խաղերի ինդուստրիան հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտ ներգրավել նաեւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց՝ նկարիչներ, սցենարիստներ, երաժիշտներ, եւ այդպիսով օգտագործել նաեւ նրանց պոտենցիալը»,-ասաց Կ. Վարդանյանը:
«Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ ողջ աշխարհում մեծ բում է ապրում համակարգչային խաղերի ոլորտը։ Նոր, սակայն շատ դինամիկ զարգացող է նաեւ հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի եւ հավելվածների ոլորտը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի այս դաշտում զարգանալու համար։
Նշենք, որ առաջնությունն անցկացվելու է 4 փուլով եւ ունենալու է 7 անվանակարգ՝ Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն եւ Լավագույն շարժական հավելված- խաղ։
Մրցույթի բյուջեն կազմում է 1,3 մլն դրամ։ Արդեն մասնակցության հայտ է ներկայացրել 23 մասնակից։
|