Facebook սոցիալական կայքն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կգործարկի սեփական երաժշտական ծառայությունը։
Ծառայության մշակման համար Facebook-ը համագործակցել է Spotify երաժշտադարան-ռեսուրսի հետ, որը հնարավորություն է տալիս օնլայն երաժշտություն լսել։
Այս պահին ծառայությունը փորձարկում է անցնում։ Նրա ամենահավանական անվանումն է Facebook Music կամ Spotify on Facebook, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Forbes-ի տվյալներով՝ ծառայության գործարկումից հետո Spotify-ի նշանը կհայտնվի Facebook-ի էջում՝ ձախից։
Ծառայության միջոցով Facebook-ի օգտատերերը հնարավորություն կստանան միաժամանակ երաժշտություն լսել «ընտրված» ընկերների հետ։
Ծառայությունից օգտվելու համար Facebook-ի օգտատերերից կպահանջվի իրենց համակարգիչներում տեղադրել Spotify անվճար հավելվածը։ Սակայն սկզբնապես ծառայությունը հասանելի կլինի միայն այն երկրներում, որտեղ հնարավոր է հաշիվ բացել Spotify-ում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իսպանիա, Նիդեռլանդներ)։
|