Միջազգային հակերական Anonymous հանրույթը զանգվածային հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական կառույցների պաշտոնական կայքերը` որպես բողոքի նշան կառավարության մտադրության, ըստ որի պետք է սահմանափակել ինտերնետից օգտվելու կանոնները:
Ինչպես հայտնել են հակերները կայքերից մեկում, «Թուրքիա» անունով օպերացիան ուղղված է Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի դեմ: Այս գերատեսչությունը որոշել է սահմանափակել ինտերնետ ազատ մուտքն արդեն այս տարվա օգոստոս ամսից: Դեպարտամենտի գլխավոր էջը մինչ այժմ անհասանելի է օգտվողների համար:
Գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Երկրի երիտասարդ բնակչության պաշտպանության նպատակով բոլոր ինտերնետ-պրովայդերները պետք է պարտավորվեն օգտագործել ծրագրերի համապատասխան փաթեթներ` ստանդարտ, մանկական, ընտանեկան, տնային»: Շատ օգտագործողներ, սակայն, ընդդիմանում են նոր կանոններին, որոնք, ըստ նրանց, ենթադրում են կայքերի զանգվածային ֆիլտրացիա, ինչը ենթադրում է գրաքննության կիրառում:
Միջազգային Anonymous հակերական խումբը հեղինակություն է ձեռք բերել մի շարք ինտերնետ-ռեսուրսների վրա գրոհ կազմակերպելուց հետո, այդ թվում` Warner, Sony, Bank of America, եւ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:
|