Panasonic-ը` սպառողական էլեկտրոնիկայի արտադրությամբ ճապոնական խոշորագույն ընկերությունը, շուկային է ներկայացրել իր նոր արտադրանքը` շարժական հեռուստացույց, որը կարելի է կառավարել ժեստերի միջոցով: DMP-HV200 մոդելն իր մեջ ներառում է շարժումների ընդունման հատուկ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս փոխել հեռուստաալիքները և կարգավորել ձայնի մակարդակն` առանց հեռակառավարման վահանակի օգտագործման կամ հպման: Panasonic ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ` այս հեռուսացույցներն առավել մեծ պահանջարկ կվայելեն հատկապես տնային տնտեսուհիների շրջանում, քանի որ այս հեռուստացույցներն առավել արդյունավետ և օգտակար կլինեն հենց խոհանոցում, և թաց ու ալյուրոտ ձեռքերը «չեն խանգարի» հեռուստացույց դիտել: Panasonic-ի այս նոր արտադրանքը «ընդունում է» թվային հեռուստատեսությունն, ունի 10-դյում էկրան, հիշողության քարտի տեղադրման հնարավորություն, Wi-Fi կապ և DLNA աջակցություն` տնային ցանցում մուլտիմեդիա փոխանակելու համար: DMP-HV200 հեռուստացույցները սկզբնապես կվաճառվեն ճապոնական շուկայում` 650 դոլար շուկայական գնով: