Google Chrome բրաուզերը հավանական է, որ ենթարկվի փոփոխությունների և «կորցնի» իր հասցեն: Google ընկերության ծրագրավորողները դիտարկում են լայն կիրառություն ունեցող այս բրաուզերի արտաքին տեսքը փոփոխելու և առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու հավանական լուծումները: Telegraph կայքի փոխանցմամբ, Google-ը նախատեսում է ամբողջովին հեռացնել օգտագործողներին միշտ ցուցադրվող հասցեների համար նախատեսված տողը: Նշենք. որ Google-ի բրաուզերն առավել հայտնի է ինտերֆեյսային լուծումների տեսանկյունից կիրառված իր մինիմալիստական լուծումներով: Բրաուզերը մշակող մասնագետներն առաջինների շարքում հրաժարվեցին որոնման համար առանձին տող հատկացնելու մոտեցումից` առաջարկելով OmniBox հասցենների տողը, որը կարող է հասկանալ ոչ միայն ինտերնետ-օգտագործողի կողմից մուտքագրված կայքերի հասցեներն, այլեւ, որոնման բանալի-բառերը: Այսօր էլ արդեն, ընկերության ծրագրավորողները քննարկում են հասցեների տողից հրաժարվելու հեռանկարները. ենթադրվում է, որ համապատասխան դաշտ կհատացվի որոնման համար, իսկ կայքի հասցեն կցուցադրվի միայն անհրաժեշտության դեպքում: Նոր ինտերֆեյսը նախատեսվում է ոչ միայն Google Chrome-ի համար, այլև այն հասանելի կլինի Google Chrome բրաուզերի հիման վրա «հավաքված» Chrome OS օպերացիոն համակարգի համար: Հատկանշական է, որ Google ընկերությունն իր բրաուզերի փոփոխության հարցում քննարկում է նաև այլ մոտեցումներ, և չի բացառվում, որ Google Chrome-ը ենթարվի «արմատական» փոփոխության: