Համակարգչային տեխնիկայի, ցանցային և օֆիսային սարքավորումների վաճառքով զբաղվող «Ֆայն» ընկերությունն այսօր` փետրվարի 22-ին, Երևանում, Սարյան 12 հասցեում, բացել է մասնագիտացված խանութ՝ եվրոպական և ամերիկյան համակարգչային խանութների ձևաչափով։ Ընկերության ներկայացուցիչների վստահեցմամբ, նոր խանութի ձևաչափը հաճախորդի համար շատ հարմարավետ է. հաճախորդը տեղում, առանց խանութի աշխատողի միջամտության, կարող է ստուգել՝ որքանով է ներկայացված տեխնիկան համապատասխանում իր ցանկություններին, փորձել դրա աշխատանքը, վերցնել իր նախընտրած մոդելը և դրամարկղում վճարել գումարը։ Ամբողջ տեխնիկան տաղավարներում դրված է բաց, այլ ոչ թե ապակիների հետևում: Նշենք նաև, որ խանութում բոլոր համակարգիչները միացված են լինելու ինտերնետին: Խանութում ներկա կլինեն նաև բանկերի տաղավարներ, որոնք տեղում կկազմակերպեն ապառիկ գնումների թղթաբանությունը: Համակարգիչների և դրանց աքսեսուարների կողքին լայնորեն ներկայացված են նաև հեռուստացույցներ, ֆոտոտեխնիկա, ինչպես նաև արտոնագրված համակարգչային ծրագրեր։
Սկսած 1996 թվականից` «Ֆայն» ընկերությունը զբաղվում է համակարգչային տեխնիկայի, համալրող, ցանցային և օֆիսային սարքավորումների վաճառքով և դրանց տեխնիկական սպասարկմամբ: «Ֆայն» ընկերությունը հանդիսանում է ՀՀ ՏՏ մանրածախ և մեծածախ շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մանրածախ շուկայում աշխատում է խանութների ցանցի ձևաչափով և ունի խանութներ նաև մարզերում: Այսօր ընկերությունը հանդիսանում է ՏՏ համաշխարհային շուկայի մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկերը, այդ թվում Canon, Fujitsu, Samsung, Foxconn և այլն: