Ամերիկյան Microsoft ընկերությունը թողարկել է Internet Explorer 9-ի բետա-տարբերակը և այն պաշտոնապես ներկայացրել ինտերնետ-օգտագործողներին: Այսպես, նորացված Internet Explorer 9 բրաուզերը, ինչպես և ակնկալվում էր, ներայանում է որոշակի փոփոխություններով, մասնավորապես այն ունի նոր, առավել հստակեցված իներֆայս, աշխատում է համեմատաբար ավելի արագ, ունի HTML 5 լուծում, առանձնանում է մի շարք այլ օգտակար և հետաքրքիր ֆունկցիաներով: Շատ վերլուծաբաններ Microsoft-ի այս քայլը բնորոշել են որպես զուտ ռազմավարական` նշելով, որ այս կերպ ընկերությունը փորձում է հետ վերադարձնել բրաուզերների շուկայում զբաղեցրած երբեմնի բացարձակ առաջատարի իր դիրքերը: Այս յուրօրինակ հակահարվածով Microsoft-ը ձգտում է լուրջ դիմադրություն ցույց տալ Internet Explorer-ի հիմնական մրցակիցներին, մասնավորապես Firefox, Chrome և Safari բրաուզերներին:
Նշենք, որ վերջին տարիներին Internet Explorer բրաուզերի տարածվածությունն ամբողջ աշխարհում անընդմեջ կրճատվում է` պայմանավորված շուկայում ներկայացված այլ բրաուզերների նկատմամբ ինտերնետ-օգտագործողների հետաքրքրության աճով: Այսպես, բրաուզերների համաշխարհային շուկայի զարգացումների վերաբերյալ Net Applications հետազոտական գործակալության կատարած ուսումնասիրությունների համաձայն` Internet Explorer-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում ներկայումս տատանվում է 60,4%-ի սահմաններում: Հարկ է նշել, որ IE-ի հիմնական մրցակիցների մասնաբաժինները շուկայում համեմատաբար փոքր են, սակայն այս բրաուզերներն արդեն երկար ժամանակ դրսևորում են անընդմեջ աճի միտումներ: Այսօր Mozilla Firefox-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում 22,9% է, Google Chrome-ինը` 7,5%, Apple Safari-ինը` 5,3%:
Ինչ վերաբերում է Հայաստանում Internet Explorer բրաուզերի տարածվածությանն, ապա այս ցուցանիշով Internet Explorer-ը զիջում է միայն Firefox-ին: StatCounter Global Stats-ի տվյալներով` հայ ինտերնետ օգտագործողները գերադասում են աշխատել Mozilla Firefox-ով: Վերջինիս մասնաբաժինը շուկայում տատանվել է 35-40%-ի սահմաններում: Երկրորդ տեղում արդեն Internet Explorer-ն է` 22,7% մասնաբաժնով: Chrome-ն էլ իր հերթին հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը բրաուզերների հայաստանյան շուկայում: Այսօր Chrome-ը տնօրինում է շուկայի 20,42%-ը:
Աղբյուրը www.armtech.am