Արդեն շատերին որպես հակա-Facebook հայտնի Diaspora սոցիալական կայքի հեղինակները բացահայտել են որոշ գաղտնիքներ: Մասնավորապես, պարզաբանվել է, թե կայքն ինչ հնարավորություններ է ունենալու և որ ամենակարևորն է` ինչ տեսքով է ներկայանալու ինտերնետային հասարակությանը: Այսպես, Diaspora կայքէջի մի քանի նկարներ հայտնվել են ընկերության պաշտոնական բլոգում, որտեղ ներկայացվել են նաև կայքի ծառայությունների վերաբերյալ որոշ պարզաբանումներ: Ակնկալվում է, որ նոր սոցիալական կայքն ինտերնետ-օգտագործողներին կառաջարկի այլընտրանքային նոր ծառայություններ: Մասնավորապես, սոցիալական կայքում ներդրված «Aspects» ծառայության միջոցով Diaspora-ի oգտագործողները կարղ են փոխանակել հաղորդագրություններ և նկարներ` ընտրված ընկերների խմբի շրջանակներում, կարող են բեռնել նկարներ և ամբողջական ալբոմներ` միանգամից: Հատկանշական է, որ նոր սոցիալական կայքի որպես գլխավոր առավելություն նշվում է վերջինիս բարձր մակարդակի գաղտնիության ապահովումը: Այսպես, սոցիալական կայքում գրանցվածների բոլոր տվյալները, բացառությամբ նկարների, կներկայացվեն հատուկ կոդավորված տեսքով` հնարավորություն տալով սահմանափակել անձնական տվյալների հասանելիությունը:
Ինչպես ArmTech-ն արդեն տեղեկացրել է` Diaspora սոցիալական կայքը, որն իրենից ներկայացնում է ուղղակիորեն Facebook-ի այլընտրանքային տարբերակ, ստեղծվել է Նյու-Յորքի համալսարանի չորս ուսանողների նախաձեռնությամբ: Կայքի հիմնադիր ուսանողների խոսքերով` նոր սոցիալական կայքի ստեղծման գաղափարը ծնվել է տարեսկզբին, երբ սրվեցին քննադատական խոսակցությունները Facebook սոցիալական կայքում անձնական տվյալների հասանելիությունը և գաղտնիությունն ապահովող գործառույթների բարդ համակարգի մասին: Նոր սոցիալական կայքի հիմնադիրները խոստանում են, որ Diaspora-ի կառուցվածքը կլինի բավականին պարզ և հասկանալի: Ըստ էության, կայքն իր օգտագործողներին խոստանում է անձնական տվյալների պաշտպանության և բացության ընտրության պարզ հնարավորություն:
Diaspora սոցիալական կայքի գործարկման համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 200 հազար դոլար: Հատկանշական է, որ ուսանողներն այս գումարի զգալի մասը հավաքագրել են Kickstarter ստարտափերի աջակցության կայքի միջոցով: Գաղափարի իրագործման համար գումար է փոխանցել շուրջ 6,5 հազար մարդ: Հետաքրքրական է, որ այս մարդկանց շարքում առանձնացել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, ով նույնպես կողմ է արտահայտվել կայքի ստեղծման գաղափարին:
Diaspora-ի պաշտոնական բլոգում ասվում է, որ սոցիալական կայքի ալֆա-տարբերակը կթողարկվի հոկտեմբերին:
Աղբյուրը www.armtech.am