Facebook սոցիալական ցանցում մոտ 10 օր առաջ ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում ակտիվորեն քննարկվում է գիտության ֆինանսավորման հարցը։ Խումբն արդեն ունի 1300-ից ավելի մասնակից, որի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են գիտնականներ, ասպիրանտներ, դասախոսներ ու պատգամավորներ։
Facebook-յան գիտնականները պահանջում են Հայաստանի կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մինչեւ ՀՆԱ-ի 2-3 տոկոսի չափով (այժմ այն ընդամենը 0.2 տոկոս է), ինչպես նաեւ գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի քառապատկում։
Մասնակիցներից Դանիել Իոաննիսյանն առաջարկել է պահանջները չկատարելու դեպքում գիտ-գործադուլ անել։
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջը տեղադրվել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-յան էջերում։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ պատրաստ է իր էջում քննարկել ոլորտի խնդիրները՝ շեշտելով, որ գիտությունը յուրաքանչյուր պետության գերակա ուղղություններից է: «Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին արդեն առաջարկել եմ վերլուծել ոլորտի խնդիրները, որի արդյունքում մինչեւ 2012թ. բյուջեի քննարկումը Կառավարությանը կներկայացնենք մեր առաջարկները: Իսկ այդ ընթացքում պետք է խնդրեմ, որ դուք էլ ակտիվ լինեք: Եկեք միասին քննարկենք ոլորտի խնդիրները` օգտվելով այս էջի ընձեռած հնարավորություններից»,-ասված է ԱԺ նախագահի խոսքում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ չի արձագանքել գիտնականներին, սակայն նրա էջում գրառում կա վարչապետի օգնականի անունից (օգնականի անունը, ցավոք, չի նշվում)։ Վարչապետի անանուն օգնականը կիսել է գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ մտահոգությունները, սակայն նշել է, որ աշխատավարձերն ու կրթաթոշակները չեն կարող կտրուկ բարձրացվել՝ պետական բյուջեի սահմանափակության պատճառով։ Նա առաջարկել է խմբի անդամներին՝ միասին ուղիներ գտնել տնտեսության մասնավոր հատվածի,շահագրգիռ ընկերությունների կողմից գիտական հետազոտությունների ֆինասավորումը խրախուսելու համար:
Խմբում ակտիվ է նաեւ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արա Նռանյանը, ում կարծիքով՝ գիտությունը Հայաստանում կարող է զարգանալ միայն տնտեսական քաղաքականության փոփոխությունից հետո։ «Չեք կարող գտնել հետամնաց երկիր կամ հետամնաց երկրի մոդելով առաջնորդվող պետություն, որն ունենա ժամանակակից եւ հզոր գիտական համակարգ: Հայաստանում նոր տնտեսական քաղաքականությունը անմիջապես բերելու է գիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Իսկ արդյունաբերության զարգացումը բոլորովին նոր մակարդակի կբարձրացնի այն»,-գրել է Ա. Նռանյանը:
|