Արդեն հունվարից Արցախում կգործի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլի իրականացման մասին հուշագիր է ստորագրվել, մնացել են ընդամենը որոշ տեխնիկական հարցեր կարգավորել։
«Արդեն հուշագիրը ստորագրվել է, նախնական հրահանգները տրվել են, ուղղակի պետք է ընտրենք բանկերին, որոնք պետք է ծրագրին մասնակցեն»,- ասաց Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ կառավարությունը եւս հանդես կգա որոշակի նախաձեռնությամբ եւ որոշակի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ծրագրին։
«Հայաստանի նման Ղարաբաղում եւս կանենք փորձնական ծրագիր, կընտրենք մի քանի խանութ, կտեսնենք այդ ամենն ինչպես է աշխատում, այնուհետեւ մեկ տարի անց այնտեղ եւս կսկսենք ծրագրի հիմնական փուլը»,-ասաց Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ Արցախում ծրագրի նախնական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ կլինի մոտ 1 մլն դոլար։
|