Արդեն 10 տարի է, ինչ ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա ճյուղ, սակայն ոլորտում շարժ նկատվել է միայն վերջին մեկ տարում։ Այս մասին ասել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը։ Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտը 2001թ.-ից Արցախում պաշտոնապես հայտարարվել է գերակա ճյուղ, սակայն դա որեւէ ազդեցություն չունեցավ ոլորտի զարգացման վրա:
Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում կազմակերպված մի շարք միջոցառումներ բավականին աշխուժություն հաղորդեցին ոլորտին։ Դրանցից նախարարն առանձնացրել է հատկապես Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություննների միության հետ կազմակերպած բիզնես-ֆորումը, որի ժամանակ Արցախ են ժամանել հայաստանյան ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ։
«Տեղում ծանոթանալով պայմաններին` հայաստանյան ընկերություններից շատերի ղեկավարները ցանկություն հայտնեցին Արցախում գործունեություն իրականացնել՝ կադրեր պատրաստել, հիմնել ընկերություններ եւ այլն»,-ասել է Կ. Եսայանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ ՏՏ-ի եւ այլ ոլորտների (առողջապահություն, կրթություն) միջեւ համագործակցության օրինակներ կան: Ներկայում արդեն առաջարկություններ են ձեւավորվում նաեւ պաշտպանության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտներում ծրագրերի եւ ՏՏ այլ լուծումնեի ներդրման մասով։ Այսինքն՝ բոլոր ուղղություններով արդեն աշխուժություն է նկատվում։
Կ. Եսայանի համոզմամբ՝ հայաստանյան ընկերությունների ղեկավարներին Արցախում գրավում է համեմատաբար մեղմ հարկային դաշտը։
|