Թուրք հաքերների հարձակումներն իրականում նպաստում են, որպեսզի հայերն առավել մեծ ուշադրություն դարձնեն տեղեկատվական անվտանգությանը։ Այս մասին զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետային կայք պատվիրող ընկերություններն ու անհատները առավել մեծ ուշադրություն են դարձնում կայքի անվտանգությանը, որի պատճառը հենց թուրք- ադրբեջանցի հաքերների հարձակումների արդյունք է։
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ թուրքերը երբեմն հարձակվում են այնպիսի կայքերի վրա, որոնց մասին պարզապես շատերը չգիտեն։
«Նրանք երբեմն կոտրում են ինչ-որ անհայտ կայքեր, որպեսզի պարզապես տարածեն իրենց քարոզչությունը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Դրա վառ օրինակն է հունվարի 29-ին Smart Systems ընկերության սերվերի կոտրումը, որի արդյունքում ընկերության հոսթինգից օգտվող 295 հայկական կայքեր շարքից դուրս էին եկել:
«Երբ կոտրեցին 200-ից ավել կայքեր՝ դրանցից շատերի մասին մենք անգամ չէինք էլ լսել, այդ ամենի արդյունքում հայ ազգը մեծ թվով կայքեր հայտնաբերեց»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է հայկական կայքերի անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակին, ապա Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ այն տարբեր է ու բազմազան։
«Հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը տարբեր է։ Կան պետական, մասնավոր եւ անհատական կայքեր, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի պաշտպանվածության մակարդակի իր աստիճանը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։
|