Կայքի հիմնական նպատակն է ամբողջական տեղեկատվություն հավաքել Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների մասին, եւ այդպիսով մեր ներուժը ներկայանալի դարձնել դրսին, որպեսզի օրինակ՝ մեր սփյուռքահայ հայրենակիցները որեւէ ՏՏ լուծում գտնելու անհրաժեշտության դեպքում չփնտրեն այն Հնդկաստանում, Չինաստանում, այլ փնտրեն հենց Հայաստանում: Այս մասին ասաց կայքի նախաձեռնողներից Սամվել Մաչանյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված ինտերնետային կատալոգը կօգնի հայաստանյան ընկերություններին նոր համագործակցության եզրեր գտնել ոչ միայն սփյուռքահայերի եւ արտասահմանցիների հետ, այլեւ այն հարմար կլինի նաեւ ներքին շուկայի համար:
«Հայաստանում, երբ որեւէ ՏՏ լուծում է անհրաժեշտ լինում, մենք սկսում ենք միմյանց զանգել ու հարցնել, թե ովքեր կարող են այսինչ ՏՏ լուծումն առաջարկել, իսկ այս կերպ մենք կկարողանանք անմիջապես ծանոթանալ այն ընկերություններին, որոնք մատուցում են անհրաժեշտ ծառայությունները»,- ասաց Ս. Մաչանյանը: Նրա խոսքով՝ նորաստեղծ կատալոգում ներառված կլինեն ոչ միայն ընկերությունների ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների անունները, այլեւ կներկայացվեն նրանց ստեղծած աշխատանքներն ու նախագծերը, ծրագրերի ցուցադրական տարբերակները, իսկ ընտրությունն արդեն հնարավոր կլինի կատարել այդ ամենը տեսնելուց հետո նոր միայն:
Կատալոգում գրանցումը անվճար է: Ներկա պահին կատալոգում գրանցված է 7 ընկերություն, որոնք հիմնակաում նորաստեղծ(start-up) ընկերություններ են: Հուսանք, որ ոչ միայն նորաստղծ ընկերությունները այլեւ տարիներ շարունակ գործող ՏՏ ընկերությունները շուտով կներկայացվեն նաեւ այս ինտերնետային կատալոգում:
Նշենք, որ ներկայումս հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների ցանկին հնարավոր է ծանոթանալ միայն «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ուղեցույց» տպագիր գրքույկի կամ դրա խտասկավառակի(CD) միջոցով: