Դեկտեմբերի եւ հունվարի իրավիճակը ցույց տվեց, որ ծրագրավորման առումով էլեկտրոնային փաստթղթաշրջանառության համակարգն ի վիճակի չէր սպասարկելու գործարար բարձր ակտիվությունը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է էլեկտրոնային եղանակով հաշիվ-ապրանքագրերի լրացմանը։ «Չէր հաշվարկված, թե որքան տնտեսվարող սուբյեկտներ կարող էին փոխանցումներ կատարել կամ գործարքներ կնքել, Ամանորի նախորեին նույնիսկ խափանումներ եղան»,- ասաց Գ. Մակարյանը։ Նրա խոսքով՝ ներկայում իրավիճակը մեղմվել է, սակայ դա պայմանավորված է տնտեսական ակտիվության նվազմամբ։ Նա մտավախություն հայտնեց, որ գործարքների ծավալների մեծացման դեպքում կրկին խնդիրներ կառաջանան։
|