Բջջային ձայնային և տեղեկատվական տվյալների շուկան առաջին չորս տարիների ընթացքում կդրսևորի զարգացման աննախադեպ միտումներ: Արդեն 2014 թվականին տնտեսության այս ոլորտում մատուցված բջջային ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների համախառն ծավալը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը: Նման կանխատեսում են ներկայացրել Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանները` մեկ զեկույցի շրջանակներում ամփոփելով համաշխարհային բջջային շուկայի զարգացման միտումների մասին իրենց ուսումնասիրությունները և կանխատեսումները: Հրապարակված զեկույցում նշվում է, որ բջջային ծառայությունների շուկայի աճն առաջին հերթին պայմանավորված կլինի կոնտեքստային ծառայությունների ընդլայնմամբ, բջջային գովազդի ու հավելվածների առավել տարածմամբ: Gartner հետազոտական ընկերության փոխնախագահ Նիկ Ջոնսի գնահատմամբ` կանխատեսում անելով մի քանի տարվա կտրվածքով, կարելի է վստահ ասել, որ բազմաբնույթ ծառայություները և սոցիալական ոլորտը ամբողջությամբ կներթափանցեն բջջային շուկա, և նոր մեդիա-լուծումների շնորհիվ վերջիններս կստանան լայն տարածում: Ըստ էության, այսօր բջջային շուկան աստիճանաբար համալրվում է ինչ-որ առումով պարզունակ կոնտեքստային ծառայություններով, որոնք առաջիկա տարիներին առավել կզարգանան և հանդես կգան որպես որոշիչ գործոն` բջջային լուծումների ոլորտում գործընկեր ընկերության ընտրության հարցում:
Gartner ընկերությունն իր ուսումնասիրությունների արդյունքում բջջային շուկայի զարգացման գործընթացը պայմանականորեն բաժանել է երեք փուլերի: Առաջին փուլը, որն արդեն կարելի է համարել ավարտված, դա, ըստ ընկերության վերծուծաբանների, առանձնանում է շուկայում բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ընկերությունների գերիշխող դիրքով: Այսօր արդեն, iPhone-ի մուտքով պայմանավորված, շուկայում գերիշխող դիրք ստացան և առաջնային դարձան կոնտեքստային ծառայությունները, ինտերնետ-խանութներն ու հավելվածները: Հետագայում, երրորդ փուլում, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, առաջնային և որոշիչ են լինելու սոցիալական ոլորտի ծառայությունները, որոնք կներկայացվեն «ամպային» տեխնոլոգիաների միջոցով: Gartner-ը կանխատեսում է նաև էլեկտրոնային ռիդերների և պլանշետ-համակարգիչների տարածվածության ընդլայնում և տարածում ոչ միայն սպառողական, այլև կորպորատիվ շուկաներում, և որպես խորհուրդ` վերլուծաբանները բջջային ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների շուկայի խաղացողներին առաջարկում են արդեն իսկ կենտրոնանալ բարձրորակ բջջային կոնտեքստային ծառայություններ և նոր տեխնոլոգիական լուծումներ մշակելու ուղղությամբ:
Աղբյուրը` www.armtech.am