Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքերի, նեթբուքերի և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 26% տարեկան տոկոսադրույքով: Ընկերության հայտարարության համաձայն` ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի և Ինեկոբանկի համագործակցության շնորհիվ:
Orange-ի հաճախորդների ապառիկ գործարքները կձեւակերպվեն Ինեկոբանկի մասնաճյուղերում, ուր նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նախապես Orange-ի վաճառակետում կնքված պայմանագիրը: Ինեկոբանկը կստուգի հաճախորդի վարկարժանությունը, և, դրական որոշման դեպքում, վերջինիս հետ կկնքի պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր: Կնքված պայմանագիրը Orange-ի համապատասխան վաճառակետ ներկայացնելով` հաճախորդը կստանա իր նախընտրած սարքավորումը: Հետագա բոլոր վճարումները հաճախորդը կկատարի Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղում:
Այսուհետ Orange-ի վաճառակետերում սպասարկվելու են նաև Ինեկոբանկի APԱՌIK+ վճարային քարտերը, որոնք թույլ են տալիս շրջանցել վերոնշյալ գործընթացը:
Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեության երկրների մեծ մասում և սպասարկում է մոտ 183.3 միլիոն բաժանորդի աշխարհի 32 երկրում:
Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 85% տոկոսը:
Աղբյուրը www.armtech.am