Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է եւ նախորդ տարվա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 8 տեղով:
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնից, որը Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկերն է Հայաստանում եւ ներկայացնում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2010/11»-ի հիմնական արդյունքները:
Զեկույցը արդեն տաս տարի է հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:
Այս տարի զեկույցում ընդգրկված երկրների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է հինգով: Զեկույցն այս տարի գնահատել է աշխարհում 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը:
Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ նահանջ է ապրել: Թեեւ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես զիջել են իրենց դիրքերը, այնուամենայնիվ, շարունակում են Հայաստանից առաջ գտնվել համապատասխանաբար 11 եւ 39 հորիզոնականով` Ադրբեջանը զեկույցում զբաղեցրել է 70-րդ տեղը, Վրաստանը` 98-րդ տեղը:
|