Одноклассники-ն վաճառվեց և «անճարությունից» դարձավ անվճար
Одноклассники սոցիալական կայքն ունի երկու նորություն իր հավատարիմ օգտագործողների համար: Առաջինը` կայքի 100% բաժնետեր է դարձել Digital Sky Technologies (DST) ընկերությունը, երկրորդ` սոցիալական կայքում գրանցվելն այսուհետ կլինի անվճար: Առաջին նորությունն, ընդհանուր առմամբ, սպասելի է, քան որ DST ընկերությունը, մինչ այս հանդիսանալով Одноклассники սոցիալական կայքի 60% բաժնետեր, որոշ ժամանակ առաջ հայտարարել էր կայքն ամբողջությամբ գնելու իր մտադրության մասին: Այժմ այս մտադրությունը դարձել է իրականաություն, և գործարքն արդեն վերջնական կնքված է: Նշենք, որ DST ընկերությանը ներկայումս պատկանում է Forticom Group Limited (FGL) ընկերության բաժնետոմսերի 75%-ը, իսկ վերջինս էլ իր հերթին տնօրինում է Одноклассники-ի 60%-ը: Մնացյալ 40%-ն արդեն ուղղակիորեն պատկանում են DST ընկերությանը:
Ինչ վերաբերում է երկրորդ նորությանն, ապա սոցիալական կայքի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` գրացումը կրկին անվճար դարձնելու որոշումը պայմանավորված է սպամերների դեմ պայքարելու նոր, առավել արդյունավետ միջոցների մշակմամբ: Վճարովի գրանցումից «տուժած» օգտագործողներին սոցիալական կայքը ունի նոր աաջարկ: Այսպես, այն օգտագործողները, ովքեր գրանցվել են Одноклассники.ru-ում 2008 թվականի հոկտեմբերի 25-ից հետո, երբ գրանցումն արդեն վճարովի էր, որպես փոխհատուցում կկարողանան մեկ ամիս օգտվել սոցիալական կայքի վճարովի ծառայություններից որևէ մեկից: «Одноклассники.ru»-ն նաև հայտարարել է, որ անձնական նկարներ տեղադրելն այլևս չի սահմանափակվի: Այսուհետ գրանցման համար անհրաժեշտ կլինի գրել բջջային հեռախոսի համար, որին անվճար կուղարկվի ակտիվացման կոդը:
DST ֆոնդը ստեղծվել է 2005 թվականին: Ներկայումս այս հիմնադրամին են պատկանում նաև ICQ-ն, Facebook-ի 10%-ը և մի շարք այլ ակտիվներ: DST-ն մասնաբաժին ունի նաև Zynga ընկերությունում և ВКонтакте սոցիալական կայքում: