Սուպերսոսնձի ֆորմուլայի ստեղծող Գարրի Քուվերը մահացել է, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Նա 94 տարեկան էր:
Քուվերը մահացել է Թեննեսի նահանգի իր տանը: Նրա դստեր խոսքով, մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր:
Գյուտարարն, ըստ ընտանեկան լեգենդի, պատահաբար է ստացել սուպերսոսնձի բանաձեւը: 1942թ., երբ նա աշխատում էր Kodak ընկերությունում, զբաղվել է պլաստիկ լինզաների մշակմամբ: Փորձարկումներից մեկի ժամանակ էլ նա ստեղծել է ցիանոակրիլատ նյութը, որը սոսնձի հիմքն է: Սոսնձի առեւտրային պոտենցիալը նա գիտակցել է միայն 1951թ., իսկ յոթ տարի անց այն արդեն հայտնվել է վաճառասեղաններին:
2010թ. նախագահ Օբաման Քուվերին պարգեւատրել էր Ազգային շքանշանով: